Ընդհանուր նյարդաբանության և ցավի կենտրոն

Ընդհանուր նկարագրությունը

Ցավի և ընդհանուր նյարդաբանության ծառայությունը ներառում է ո՛չ միայն ընդհանուր նյարդաբանության, այլ նաև ցավի և նրա տարատեսակների բուժման, հետազոտման և ախտորոշման խնդիրները:

Բաժանմունքի նախահիմնումը եղել է «Իզմիրլյան» ԲԿ կայացման օրից, բայց լիովին կազմավորվել է վերջին 3-4 տարվա ընթացքում, ներդրվեցին նոր մեթոդներ:

Բաժանմունքի ծառայություններն ընդլայնվում են` օգտագործելով կենտրոնի բոլոր բաժանմունքների ռեսուրսները:

Բաժանմունքի որդեգրած սկզբունքը առողջության առավելագույն վերականգնումն է, հիվանդը պետք է այցելի բուժհաստատություն և այստեղից հեռանա առողջ:
Բաժանմունքի մասնագիտական մոտեցումն է` հիվանդին զննել ո՛չ միայն որպես նյարդաբան, այլ որպես ընդհանուր բժիշկ , բուժել ոչ թե հիվանդությունը, այլ`պացիենտին, մատուցել պատասխանատու բժշկություն` բարեխիղճ  վերաբերմունքով:

Հիմնական գործունեության ուղղությունները

Ընդհանուր նյարդաբանության և ցավի կենտրոնի հիմնական ուղղվածությունն է հիվանդության հիմնապատճառի դեմ պայքարը, այլ ոչ ախտանշային բուժումը:
Որպես ընդհանուր նյարդաբանություն լայն ճյուղ է, այստեղ ներառված է ինչպես դասական նյարդաբանությունը, այնպես էլ նեյրոիմունոլոգիան, այսինքն, իմունային և նյարդաբանական ախտաբանությունների զուգակցումը հիվանդների մոտ, նեյրոէնդոկրինոլոգիան: Նպատակ կա ստեղծել նյարդահոգեբանական, նյարդահոգեբուժական ուղղվածություններ` միաժամանակ նյարդաբանական ցավով տառապող հիվանդների ախտորոշում և բուժում. նման մոտեցում Հայաստանում դեռևս չկա:

Տեխնիկական հագեցվածությունը

Ներկայում բաժանմունքը հագեցած է նյարդաբանության մեջ կիրառվող անհրաժեշտ ֆիզիոթերապևտիկ գրեթե բոլոր սարքերով: Պատրաստվում ենք ծրագրային կոմպլեքսների, տեխնիկական նոր ներդրումների:

Ովքե՞ր կարող են դիմել

Դիմել կարող են ցանկացած նյարդաբանական խնդիր ունեցող, մասնավորապես, օրգանական նյարդաբանական ցավային համախտանիշով տառապող պացիենտները:

Բաժանմունքում մատուցվող ծառայությունները

Իրականացվում են ֆիզիոթերապևտիկ և այլ ծառայություններ` համագործակցելով մյուս բաժանմունքների մասնագետների հետ: Մասնագետների համակցված աշխատանքի շնորհիվ արդեն ներդրված է նեյրոէնդոկրինոլոգիան, նեյրոիմունոլոգիան: Մեր ծառայությանը հիմնականում դիմում են տարբեր կլինիկաներ դիմած և չբուժված հիվանդները:

Բաժանմունքում իրականացվում են միջամտություններ` ուղեղի տրանսկրանիալ դրդումների հետ կապված, որոնք հնարավորություն են տալիս ծանր հիվանդությունների ժամանակ ոչ դեղորայքային բուժմամբ ստանալ արդյունավետ արդյունքներ, ինչպես, օրինակ, դեպրեսիաների, ծանր գլխացավերի և այլ դեպքերի ժամանակ:

 

Ի՞նչ հիվանդություններ են բուժում բաժանմունքում

 

Բաժանմունքը զբաղվում է ազգաբնակչությանը դասական նյարդաբանության մեջ պաշտոնապես ընդունված ախտաբանությունների բարձրակարգ մասնագիտացված բուժական և խորհրդատվական օգնության մատուցմամբ, ներառում է կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգի, գլխուղեղի և ողնուղեղի անոթային և բորբոքային քրոնիկական հիվանդությունների, հոդերի, ողնաշարի և միջողնային սկավառակների բազմաբնույթ ախտահարման նյարդաբանական դրսևորումների լայն ոլորտը: Հատուկ ուշադրության կենտրոնում է ցավային համախտանիշն` իր բազմազանությամբ:

Ցավի բուժման խորը փուլում, երբ ավանդական ցավազրկողներն արդեն անզոր են, կիրառվում են մի կողմից ալտերնատիվ մեթոդները՝ հոսանքային, էլեկտրական, մագնիսական, ասեղնաբուժության, մյուս կողմից՝ միկրովիրաբուժությունը, համագործակցելով վիրաբույժ գործընկերների հետ:


Անձնակազմը

Անձնակազմն անընդհատ համալրվում է: Ներկայում աշխատում են նյարդահոգեբույժ, իմունոլոգ և այլն: Մասնագետները գիտությունների թեկնածուներ են, վերապատրատվում են Հայաստանում և արտերկրում, զբաղվում են գիտությամբ, ունեն գիտական աշխատանքներ, ունեն դասախոսական փորձ: Բաժանմունքում ուսանել են շատ ուսանողներ, կայացել են շատ մասնագետներ:

Բաժանմունքի ձեռքբերումները

Բաժանմունքի մասնագետները փորձում են առավելագույն կենտրոնանալ արդի առողջապահական պահանջների և խնդիրների լուծմանը`յուրօրինակ մեթոդներով, հաշվի առնելով գենետիկան, հոգեբանությունը, առանց ընդօրինակելու մեկ այլ կենտրոնի:
Բաժանմունքի ամենամեծ ձեռքբերումը հիվանդների վստահությունն է:

Գործընկերները

Բաժանմունքը սերտ համագործակցում է Ռուսաստանի, առավելապես Կրեմլի հիվանդանոցի նյարդաբանության բաժանմունքի հետ: Ստեղծվել են կապեր Գերմանական կլինիկաների հետ։


Մասնագետները

Նարեկ Մկրտչյան

Նարեկ Մկրտչյան

նյարդաբան
Մանրամասն