Նորություններ

Ճարպակալումը և շնչառությունը

Ճարպակալումը և շնչառությունը

Ճարպակալումը խաթարում է շնչառական ֆունկցիան՝ առաջացնելով շնչառական խանգարումներ ինչպես արթուն, այնպես էլ քնած վիճակում: Արթուն վիճակում թոքերը չեն կարող լիարժեք գործել կրծքավանդակի ծանր լինելու պատճառով: Այդ վիճակը կոչվում է ճարպակալման հետևանքով առաջացած հիպովենտիլյացիա և բնորոշվում է արյան մեջ ացխաթթու գազի բարձր և թթվածնի ցածր մակարդակով: Ճարպակալումը առաջացնում է շնչառական խնդիրներ նաև քնած վիճակում, երբ վերին շնչուղիները փակվում են և զարգանում են պարբերաբար կրկնվող շնչադադարներ՝ ապնօէ-ներ: Այս վիճակը սահմանվում է որպես քնի օբստրուկտիվ ապնօէ համախտանիշ: Հաճախակի կրկնվող ապնօէ-ները հանգեցնում են երկարատև և խորը դեսատուրացիայի՝ այսինքն թթվածնային քաղցի:
Ցերեկային հիպոքսիայի ֆոնի վրա քնի ընթացքում թթվածինը իջնում է ծայրահեղ ցածր մակարդակի: Նշված երկու շնչառական խնդիրների զուգակցումը հանգեցնում է լուրջ բարդությունների, ինչպիսիք են՝ թոքային հիպերտենզիան, զարկերակային հիպերտենզիան, երկրորդային էրիթրեմիան, սրտային անբավարարությունը, արտահայտված ցերեկային քնկոտությունը:

 

Հիպովենտիլյացիայի և քնի ապնօէ-ի զուգակցումը  միայն քրոնիկ վիճակ չէ: Այն կարելի է անվանել «մահացու» համակցություն, քանի որ  կարող է հանգեցնել սուր շնչառական անբավարարության և թոքերի մեխանիկական վենտիլյացիայի անհրաժեշտության: Գրականության մեջ այդ համակցությունն անվանվում է «near miss death»՝ այսինքն մահվան մոտ վիճակ:


Մեր իրականության մեջ հաճախ այդպես էլ լինում է՝ առաջին հանդիպումը բժշկի հետ տեղի է ունենում վերակենդանացման բաժանմունքում՝ սուր շնչառական անբավարարության հետևանքով: Այնինչ, ժամանակին ախտորոշումը և բուժումը կանխում է բարդությունները և ապահովում պատշաճ կյանքի որակ: Ճարպակալման հետևանքով առաջացած հիպովենտիլյացիայի և քնի օբստրուկտիվ ապնօէ համախտանիշի բուժման «ոսկե ստանդարտը» ոչ ինվազիվ վենտիլյացիան է, որը թույլ է տալիս «շնչացնել» և վերացնել քնի ընթացքում տեղի ունեցող շնչադադարները: Այդ վենտիլյացիան իրականացվում է հատուկ սարքերի միջոցով (CPAP, BiPAP) և կոչվում է «ոչ ինվազիվ», քանի որ վենտիլյացիան իրականացվում է դիմակով՝ առանց ներխուժելու վերին շնչուղիներ:


Հոդվածի ուղերձը հետևյալն է.  ճարպակալում ունեցող անձանց մոտ անհրաժեշտ է ի նկատի ունենալ հիպովենտիլյացիայի և քնի ապնօէ-ի առկայության բարձր հավանականությունը: Ժամանակին կատարված ախտորոշումը փրկում է հիվանդի կյանքը, քանի  որ այդ «մահացու» համակցությունն ունի արդյունավետ բուժում, որը ոչ միայն բուժում և կանխում է բարդությունների զարգացումը, այլ նաև զգալիորեն բարելավում է կյանքի որակը:
                       
Մարինե Պետրոսյան
                       

Թոքաբան, բժշկական գիտությունների դոկտոր                       

«Իզմիրլյան» Բժշկական կենտրոն

08.10.2018