Նորություններ

«Իզմիրլյան» ԲԿ քիթ-կոկորդ -ականջաբանության բաժանմունքի ծառայություններն ու ձեռքբերումները. Վարազդատ Ստեփանյան

«Իզմիրլյան» ԲԿ քիթ-կոկորդ -ականջաբանության բաժանմունքի ծառայություններն ու ձեռքբերումները. Վարազդատ  Ստեփանյան

Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքը բացվել է 2004 թվականի նոյեմբերին դեռևս Սուրբ Ներսես Մեծ կոչվող հիվանդանոցում: Բաժանմունքը գործում է արդեն մոտ 14 տարի: Այստեղ սպասարկվում են միայն 10 տարեկանից բարձր տարիքի հիվանդներ: Բաժանմունքի անձնակազմի մեջ ընդգրկված են քիթ-կոկորդ-ականջաբանության (ՔԿԱ) 6 մասնագետ, 3 պլաստիկ վիրաբույժ, որոնք իրականացնում են այդ բնույթի հիվանդությունների բուժում՝ լիարժեք ծավալով: Անձնակազմն աշխատում է թիմային՝ միմյանց օգնող-լրացնողի հոգեբանությամբ և փորձով, գործում է շուրջօրյա ՝լրիվ ծավալով:


Այս տարիների ընթացքում կատարվել է 5-6 հազար վիրահատություն: Յուրաքանչյուր տարի կատարվում է մոտ 400-500 վիրահատություն և հիմնականում՝ բավականին մեծ ծավալով:

 

2005 թ-ից բաժանմունքում սպասարկվում են նաև ՔԿԱ ուռուցքային հիվանդներ: Եվ եթե մինչ այդ չարորակ ուռուցքի դեպքում հիվանդը՝ զրկվելով կոկորդից, զրկվում էր նաև ձայնից, ապա 2005 թ-ից Հայաստանում միայն մեր բաժանմունքում է իրականացվող վիրահատությունների շնորհիվ կատարվում ձայնի վերականգնում: Արդեն 100-ից ավելի հիվանդ է վիրահատվել այդ կապակցությամբ և երջանիկ է այնքանով, որ կարող է խոսել, հաղորդակցվել մարդկանց հետ, շատերն էլ վերադարձել են իրենց աշխատանքին: Այս մեթոդը կիրառվում է անցյալ դարի 80-ականներից, հեղինակները ամերիկացի երկու բժիշկներ են:

 

Բաժանմունքում կատարվում են նաև խռմփոցի հետ կապված վիրահատություններ: Խռմփոցը հիմնականում պայմանավորված է քիթ-ըմպան-կոկորդի հիվանդություններով, վիրահատությունը բավականին մեծ ծավալով է կատարվում, կոչվում է ուվուլոպալատոֆարինգոպլաստիկա. կատարվում է կոկորդ, ըմպանի պլաստիկա, և եթե խռմփոցը այդ պատճառներով էր պայմանավորված, ապա այն լիովին վերանում է:
Խիստ վտանգավոր է նաև ապնոէն, երբ խռմփոցի ժամանակ հիվանդը մի քանի վայրկյանից մինչև 1 րոպե և ավելի չի շնչում: Այդ ժամանակ կարող է ինֆարկտ, ինսուլտ զարգանալ, ինչպես նաև գիշերային հանկարծամահություն տեղի ունենալ: Այն ևս կարգավորվում է բաժանմունքում՝ թոքաբան-սոմնոլոգի հետ համագործակցությամբ: Համատեղ խորհրդակցությամբ որոշվում է վիրահատության անհրաժեշտությունն ու անհետաձգելիությունը: Եթե վիրահատության կարիք չկա, հիվանդը բուժվում է թոքաբանի մոտ, վիրահատության անհրաժեշտության դեպքում այն կատարվում է բաժանմունքում:

 

Բաժանմունքում բարձր մակարդակով և արդյունավետորեն իրականացվում են քթի, ականջի, դեմքի, որովայնի ճարպահեռացման (աբդոմինոպլաստիկա) և այլ պլաստիկ վիրահատություններ:

 

Բաժանմունքն ունի էնդոսկոպիկ ծառայություն, որով զբաղվում են փորձառու մասնագետներ, և, նախկինում՝ մեծ ծավալով իրականացվող վիրահատությունները, այժմ կատարվում են էնդոսկոպիկ՝ ոչ ինվազիվ կամ քիչ ինվազիվ եղանակով:

 

Բաժանմունքը հագեցած է ժամանակակից լավագույն տեխնիկայով: Որպեսզի հիվանդները չմեկնեն արտերկիր բուժում ստանալու նպատակով, աշխատանքներ են տարվում բնակչության սպասարկման որակը հնարավորինս բարձրացնելու համար, նույնիսկ ինքներս արդեն պացիենտներ ունենք տարբեր երկրներից:

 

Բաժանմունքում աշխատում է 3 բժշկական գիտությունների թեկնածու: Բժիշկները վերապատրաստվում, գիտաժողովների են մասնակցում արտասահմանում ( Անգլիա, Գերմանիա, Ռուսաստան և այլն): Երևանում ևս կազմակերպվում են միջազգային ՔԿԱ կոնֆերանսներ: Գիտաժողովներ լինում են նաև Հայաստանի մարզերում:

 

Չնայած բաժանմունքը հիմնականում վիրաբուժական է, գործում է նաև խորհրդատվական-ամբուլատոր ծառայություն: Հիվանդանոցում առկա են ֆիզիոթերապևտիկ բուժման համար անհրաժեշտ սարքավորումներ ( լազերոթերապիա, ԳԲՀ թերապիա, կվարց և այլն), որոնք օգտագործվում են բաժանմունքի հիվանդների համար:

 

Գոյություն ունի նաև վերականգնողական ծառայություն : Վիրահատությունից հետո հիվանդը գտնվում է հսկողության տակ՝ սկզբում յուրաքանչյուր ամիս, ապա տարեկան հաճախությամբ: Ուռուցքային հիվանդներն ավելի երկար հսկողության կարիք ունեն:

 

Գնացուցակը կազմում է տնօրինությունը՝ հաշվի առնելով ինչպես ժողովրդի սոցիալական վիճակը, այնպես էլ վիրահատության, դեղորայքի և այլ ծախսերը: Արդյունքում ձևավորվել է համեմատաբար մատչելի գնային համակարգ: Անհրաժեշտության դեպքում տնօրինությունն իրականացնում է զեղչեր:

 

Վարազդատ  Ստեփանյան.  «Իզմիրլյան բժշկական կենտրոնի  քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու

 

09.10.2018