Նորություններ

ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ, ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ

ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ, ՕՐՀՆՅԱԼ Է  ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ

ՎԵՀԱՓԱՌ ՏԵՐ

Որդիական խոնարհումով շնորհավորում եմ Ձերդ Սրբության  Սուրբ Հարության տոնը։

Երկինքն ու երկիրը խնդությամբ փառաբանում են Կենդանի ու կենդանություն պարգևող Աստծուն՝ Հիսուս Քրիստոսին, Որի Սուրբ Հարության տոնն է այսօր:

Ամենքի ու ամենայնի Արարիչը, անպատմելի Իմաստությունն ու խորախորհուրդ Էությունը, անպարփակ  Մեծությունն ու անպարտելի Զորությունն այնքան սիրեց Իր անհնազանդ, մեղավոր, Իրեն մոռացած ու անիրավության մեջ թաղված զավակներին, որ թողեց երկնային անհաս բարձունքները, խոնարհվեց՝ մարդանալու աստիճան, պարփակվեց Սուրբ Կույսի որովայնում, որպեսզի Իրեն նահատակելով, այնուհետև աստվածային սիրո կենաց լույսն ուսուցանի մարդկանց, ցույց տա կորսված դրախտը վերագտնելու ուղին:

Մարդկության փրկության ծրագիրն ամբողջացավ Տիրոջ պանծալի հաղթանակով, և Իր հետևորդների առաջ հարթեց Երկնային Արքայության ճանապարհը: Այս փառահեղ իրադարձությամբ ծնունդ առավ և հստակորեն ուրվագծվեց յուրաքանչյուր քրիստոնյայի հարությունը:

Թող Վեհափառ Տիրոջ քաղցրալուր խոսքերը,  աղոթքն առ Աստված և աստվածահաճո ու եղբայրասեր գործերը դառնան հավատացյալ ժողովրդի առաջնորդություն :

 Աստծո սուրբ կամքը թող դառնա մեր հարուցյալ սրտերի տենչանքը, Աստծո Խոսքը՝ կյանքի ուղեցույցը, սերը՝ շարժիչ ուժը: 

Տիրոջ հարության կենարար լույսը թող բոցավառվի մեր հոգիներում, մաքրի ու փայլեցնի դրանք, որպեսզի աշխարհը մեզ նայելով համոզվի, որ կենդանի է Քրիստոս, հարություն առավ մեռելներից և Հավիտենական Տերն ու Իշխանն է այսօր, միշտ և հավիտենապես:

Արդ, Սուրբ Հարության հաղթական ու փրկչական լույսը թող առաջնորդի Ձեզ դեպի հարություն, հույս պարգևող փարոս դառնա մեղքի խավարում, զորացնի փորձության ժամին, օգնի չխոտորվել ու չնահանջել Քրիստոսի մատնանշած ուղուց և անսասան պահի Ձերդ Սրբությանը ՝ Ձեր ճշմարիտ հավատքի ու բարի ընթացքի մեջ:

Բոլորս միասին ցնծանք և ուրախանանք, քանզի 

 

ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ, ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈւԹՅՈւՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ: 

 

 Ամեն

 

Որդիական խոնարհությամբ

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր

Արմեն Չարչյան

 

 

 

03.04.2021