Թոքաբանական ծառայությունը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում գործում է 2007 թվականից, երբ թոքաբան Մարինե Ալբերտի Պետրոսյանը տարիներ շարունակ արտասահմանում աշխատելուց և վերապատրաստվելուց հետո հայրենիք վերադարձավ և իր գործունեությունը ծավալեց «Իզմիրլյան» ԲԿ-ում:
Թոքաբանական ծառայության հիմնական գործառույթը թոքային պաթոլոգիաների ախտորոշումն ու բուժումն է։ Բաժանմունքում բուժվում են սուր և քրոնիկ թոքային հիվանդություններով տառապող անձինք: Կարևոր է նշել, որ 2008 թ. Մ.Ա.Պետրոսյանի ջանքերով «Իզմիրլյան» ԲԿ-ում հիմնադրվեց Հայաստանում առաջին Քնի լաբորատորիան, որտեղ ախտորոշվում և բուժվում են քնի ընթացքում շնչառական խանգարումներ ունեցող անձինք: Սկիզբ դրվեց նաև CPAP և BiPAP թերապիայի կիրառմանը և քնի օբստրուկտիվ ապնոէ համախտանիշը և շնչառական անբավարարությունը արդյունավետ բուժմանը:
Հաշվի առնելով, որ «Իզմիրլյան» ԲԿ-ում կատարվում են բարդ և տարաբնույթ վիրահատություններ, թոքաբանի կարևոր պարտականություններից է հետվիրահատական թոքային բարդությունների ռիսկերի գնահատումը, նախավիրահատական բուժումը՝ այդ ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով և հետվիրահատական թոքային բարդությունների բուժումը: Հարկ է նշել, որ կենտրոնում թոքաբանը սերտորեն համագործակցում է անեստեզիոլոգների և ռեանիմատոլոգների հետ: Այդ համագործակցության վառ արդյունքն է ոչ ինվազիվ վենտիլյացիայի արդյունավետ կիրառումը շնչառական անբավարարության դեպքում, ինչը թույլ է տալիս խուսափել ինտուբացիայից և նրա բարդություններից:
Թոքային հիվանդությունների ախտորոշման և բուժման գործընթացում մեծ դեր ունեն ռադիոլոգիական հետազոտությունները: Հետևաբար, թոքաբանը սերտորեն համագործակցում ենք ռադիոլոգների հետ՝ նպատակ ունենալով հնարավորինս լիարժեք հասկանալ հիվանդի վիճակը և ապահովել ճշգրիտ ախտորոշումը:
Գործունեության հիմնական ուղղությունները
Գործունեության հիմնական նպատակը շնչառական սուր և քրոնիկ խնդիրներ ունեցող անձանց հետազատությունն ու հստակ ախտորոշումն է, որից հետո իրականացվում է ժամանակակից ուղեցույցերին համահունչ բուժում և ապահովվում դինամիկ հսկողություն:
Տեխնիկական հագեցվածությունը
«Իզմիրլյան» ԲԿ-ում թոքային հիվանդություններ ախտորոշելու նպատակով հնարավոր է կատարել հետևյալ հետազոտությունները՝
![]() |
կրծքավանդակի ռադիոլոգիական հետազոտություն, այդ թվում նաև համակարգչային տոմոգրաֆիա, | ||
![]() |
սպիրոմետրիա, | ||
![]() |
պուլսօքսիմետրիա, | ||
![]() |
CPAP տիտրացիա | ||
![]() |
զարկերակաին արյան գազերի որոշում, | ||
![]() |
ռեսպիրատոր պոլիգրաֆիա, | ||
![]() |
CPAP, BiPAP թերապիա |
Բաժանմունքում մատուցվող ծառայությունները
«Իզմիրլյան» ԲԿ-ում շնչառական խնդիրներ ունեցող անձինք կարող են լիարժեք հետազոտվել, ստանալ խորհրդատվություն, ամբուլատոր և ստացիոնար բուժում:
Ի՞նչ հիվանդություններ են բուժում բաժանմունքում
Թոքաբանական ծառայության շրջանակներում ախտորոշվում և բուժվում են թոքային հիվանդություններ, որոնք պահանջում են ոչ վիրահատական բուժական մեթոդներ: Մասնավորապես՝ սուր և քրոնիկ բրոնխիտներ, թոքաբորբ, բրոնքիալ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, քրոնիկ շնչառական անբավարություն, քնի օբստրուկտիվ ապնոէ համախտանիշ, ճարպակալման հետևանքով առաջացած հիպովենտիլյացիա և այլն:
Բաժանմունքի ձեռքբերումները
Բարձր մասնագիտական մակարդակ ապահովելու շնորհիվ «Իզմիրլյան» ԲԿ-ի թոքաբանական ծառայությունը բարի համբավ և հարգանք է վայելում ողջ հանրապետությունում: Այստեղ են ուղեգրվում հիվանդներ Երևանի և հանրապետության տարբեր կլինիկաներից՝ շնչառական ֆունկցիան գնահատելու, բարդ և անհասկանալի դեպքերը հնարավորինս պարզաբանելու համար: Բաժանմունքի կարևորագույն ձեռքբերումներից է քնի օբստրուկտիվ ապնոէ համախտանիշի ախտորոշումը և արդյունավետ CPAP թերապիան, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդույան բուժումը, ճարպակալման հետևանքով առաջացած հիպովենտիլյացիայի BiPAP թերապիան, հետվիրահատական թոքային բարդույթունների արդյունավետ վարումը:
Անձնակազմը
Թոքաբան, բժշկական գիտությունների դոկտոր Մարինե Ալբերտի Պետրոսյանը վերապատրաստումեր է անցել Իսրայելում, Հունաստանում, Ավստրիայում: Վերջին վերապատրաստումը տեղի է ունեցել 2017թ․-ին Վիեննայի կենտրոնական հիվանդանոցում: Ամեն տարի բժիշկ Մ.Ա.Պետրոսյանը մասնակցում է Եվրոպական Ռեսպիրատոր ընկերության գիտաժողովներին, որտեղ ստացած գիտելիքները դասախոսությունների տեսքով ներկայացնում է Հայաստանի բժշկական հանրությանը:
2016 թ-ին Մ.Ա.Պետրոսյանը հաջողությամբ պաշտպանեց դոկտորական թեզը, որի համար նյութ են հանդիսացել Քնի լաբորատորիայում ախտորոշում անցած և CPAP թերապիա ստացող հիվանդները: Մ.Ա.Պետրոսյանը 45 հոդվածների և աբստրակտների հեղինակ է, դասախոսություններ է կարդում բժիշկների և ուսանողների համար՝ դեղագործական ընկերությունների կողմից կազմակերպված գիտաժողովների ընթացքում:
Գործընկերները, համագործակցողները
Վերապատրաստվելով տարբեր երկրներում, Մ.Ա.Պետրոսյանը շարունակում է ընկերական և մասնագիտական կապեր պահպանել այդ երկրների գործընկերների հետ և անհրաժեշտության դեպքում նրանց հետ քննարկում է բարդ և անհասկանալի դեպքերը: