Գործունեությունը
Բաժանմունքը ստեղծվել է 2001թ.: Այսինքն առկա է հարուստ աշխատանքային փորձ: Այստեղ բուժօգնություն են ստանում ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական սպորտով զբաղվող և պարզապես ակտիվ կենսակերպ վարող մարդիկ: Սկսած 2013թ-ից կենտրոնը համալրվել է ժամանակակից նորագույն տեխնոլոգիաներով և սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս կիրառելու վիրաբուժության նորագույն մոտեցումներ՝ վնասվածքների բուժման գործում:
2014 թ. հունիսից պրոֆեսոր Արմեն Չարչյանը նշանակվեց «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն և իր աշխատանքային թիմով՝ օրթոպեդ-վնասվածքաբաններ Սահակ Սարիբեկյանի և Ստեփան Մաթոսյանի հետ տեղափոխվեցին բուժհաստատություն։
Թիմը տեղափոխվել է բարդ, բազմապրոֆիլ վնասվածքաբանությամբ զբաղվող բաժանմունքից սահմանափակ գործառույթներ կազմակերպող բաժանմունք, որն իր կառուցվածքով, աշխատաոճով չէր կարող կատարել այն ամենը, ինչ ենթադրվում էր, որ պետք է կատարվեր օրթոպեդիա և վնասվածքաբանության բաժանմունքում:
Մեկ տարվա ընթացքում թիմին միացան Սահակյան Արմանը, Ալեքսանդր Արզումանյանը և Արթուր Մարտիրոսյանը և մի խումբ կլինիկական օրդինատորներ:
Այսօր այդպիսի մեծ թիմի աշխատանքի շնորհիվ բաժանմունքը մեծ հաջողությունների է հասել, միայն 2018թ-ին կատարվել է մոտավորապես 890 վիրահատություն` 100-ով ավելի նախորդից: Այսօր վիրահատությունների քանակով բաժանմունքն առաջինն է և խոշոր հոդերի էնդոպրոթեզավորման բացարձակ առաջնորդը հանրապետությունում:
Խոշոր հոդերի էնդոպրոթեզավորումը բավականին բարդ գործառույթ է և որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար, բժշկի վարպետությունից զատ, նաև այլ բազմաթիվ գործոններ են անհրաժեշտ՝ ինչպես կազմակերպչական, այնպես էլ` նյութական: Ունենք նպատակներ, որոնք պետք է լուծենք` հիվանդների հետվիրահատական վարումից մինչև որոշակի իրավական հարցեր, որոնցով կկարողանանք ապահովագրել և՛ մեր հիվանդներին, և՛ մեր բժիշկներին:
Ծրագրերից մեկը հիվանդների ապահովագրությունն է հետվիրահատական բարդություններից՝ էնդոպրոթեզավորման ժամանակ:
Ունենք որոշակի սխեմա, և այս տարի տարբեր ապահովագրական ընկերությունների հետ ծրագիր կա համագործակցել և իրականացնել այն: Առայսօր Հայաստանում նման փորձ չկա:
«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանը նաև Երևանի պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչն է, հետևաբար բաժանմունքում իրականացվում է ոչ միայն բուժական աշխատանք, այլև ուսումնական պրոցես և այն 3 հիմնական բազաներից է։
Հիմնական գործունեության ուղղություններն են.
Վիրահատական միջամտությունների ցանկ
![]() |
Արթրոսկոպիա (ուսային, ծնկան, արմնկային, սրունք-թաթային արթրոսկոպիկ ռեկոնստրուկցիաներ) | ||
![]() |
Խոշոր հոդերի էնդոպրոթեզավորում | ||
![]() |
Սպորտային վնասվածքների վիրաբուժական և կոնսերվատիվ բուժում | ||
![]() |
Հենաշարժական համակարգի բնածին և ձեռքբերովի խնդիրների ռեկոնստրուկտիվ վիրահատություններ | ||
![]() |
Կոտրվածքների հետ կապված վիրահատություններ | ||
![]() |
Տարբեր ախտաբանական ծագման հոդացավերի կոնսերվատիվ բուժում | ||
![]() |
Ոտնաթաթերի մատների դեֆորմացիաների շտկում | ||
![]() |
Հետվիրահատական վերականգնողական թերապիա |
Սպորտային “առանձնահատկություններ”
Սպորտային վնասվածքները մի շարք նրբություններով տարբերվում են ընդհանուր վնասվածքաբանության խնդիրներից: Ոչ գրագետ միջամտության դեպքում մարզիկը կարող է կորցնել իր սպորտային հմտություններն ու այդ բնագավառի համար “անպիտան” դառնալ: Այդ պատճառով բուժական անձնակազմի նեղ մասնագիտացված կրթությունն ու համապատասխան տեխնիկական հագեցվածությունը պարտադիր պայմաններ են սպորտային վնասվածքի վերականգնման համար:
Ամենատարածված վնասվածքները
Դրանցից առաջինը սրունք-թաթային շրջանի վնասվածքներն են: Տարածված են նաև ծնկան հոդի վնասվածքները` ջլային ապարատի, մենիսկների հետ կապված խնդիրները,որոնց դեպքում կարող են տեղի ունենալ անվերադարձ փոփոխություններ,հոդի ու աճառի քայքայումներ, եթե ճիշտ ժամանակին չարվեն ախտորոշումն ու վիրահատական միջամտությունը: Հաճախ հանդիպող խնդիրներից են ուսային հոդի շրջանի մկանաջլային հյուսվածքների վնասվածքները, որոնց համար առանձնահատուկ մոտեցում է պահանջվում այսպես կոչված` “overhead activity” մարզաձևերի դեպքում (լող, թենիս, վոլեյբոլ, բասկետբոլ և այլն): Շատ են հանդիպում նաև արմնկային ու դաստակային հոդերի հետ կապված վնասվածքները:
Ի՞նչ է արվել մինչ օրս
Բաժանմունքում վիրահատական միջամտություն է ստացել մոտ 500 մարզիկ՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից (Վրաստան, Ռուսաստան, Ղազախստան, Ուկրաինա, անգամ Գերմանիա և Նիգերիա): Մինչ այժմ այստեղ կատարվել է շուրջ 2500 տարաբնույթ վիրահատություն, մասնավորապես՝ ծնկան հոդի խաչաձև և կողմնային կապանների ռեկոնստրուկտիվ վիրահատություններ, մենիսկների վերականգնման վիրահատություններ,ինչպես նաև աճառային հետտրավմատիկ դեֆեկտների վերականգնում, մոզաիկոպլաստիկա և այլն:
Հայտնի մարզիկներ՝ մեր բաժանմունքումԲաժանմունքի մասնագիտացված անձնակազմի շնորհիվ՝ պրոֆեսիոնալ սպորտ են վերադարձել այնպիսի անվանի մարզիկներ, ինչպիսիք են Ռոմիկ Ամոյանը /ընբշամարտի Եվրոպայի բազմակի չեմպիոն/, Նազիկ Ավդալյանը /ծանրամարտի աշխարհի չեմպիոն/, Մելինե Դալուզյանը /Եվրոպայի բազմակի չեմպիոն/ և այլոք: Իրենց առողջությունը (հին վնասվածքներով) մեզ են վստահել այնպիսի լեգենդար մարզիկներ, ինչպիսիք են օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, Արարատ 73-ի անվանի շատ ֆուտբոլիստներ:
Բաժանմունքն ունի նորագույն տեխնիկական հագեցվածություն:
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում կիրառվում են Հայաստանի Հանրապետությունում գործող հիվանդների սպասարկման բոլոր ձևաչափերը. դա և՛ շահառուներն են, և՛ պետպատվերով հիվանդները, և՛ սոցանապահով հիվանդները, և ապահովագրված անձինք, և՛ վճարովի համակարգով սպասարկվողները: Յուրաքանչյուրը ընդունվում է ըստ իր սոցիալական կարգավիճակի և օրենքի տառի համաձայն:
Բաժանմունքում բուժվում են սուր վնասվածքներ, օրթոպեդիկ տարբեր խնդիրներ, կատարվում են ախտահարված հոդերի վիրահատություններ, էնդոպրոթեզավորումներ և այլն:
Բաժանմունքում իրականացվում է թիմային աշխատանք։
Բաժանմունքի բոլոր բժիշկներն անցնում են վերապատրաստումներ:
Օրթոպեդ-վնասվածքաբան Գուրգեն Բախտամյանը բազմաթիվ անգամներ Եվրոպայում և ԱՄՆ-ում ոտնաթաթի ախտերով պատրաստված բժիշկ է, Ստեփան Մաթոսյանը ուսանել է Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանի դաշնության առաջատար կլինիկաներում ուսահոդի և ծնկան հոդի խնդիրներով
։
Սահակ Սարիբեկյանը վերջին 3 տարվա ընթացքում 5-6 անգամ վերապատրաստվել է և՛ ծնկան հոդի, և՛ կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորմամբ` Սանկտ Պետերբուրգում ու Մոսկվայում:
Բաժանմունքը համագործակցում է հանրապետության բոլոր օրթոպեդիկ կենտրոնների, ծառայությունների հետ և արտերկրի գործընկերների հետ` Մոսկվայում, Վրեդենի ինստիտուտում, ԱՄՆ-ում, Եվրոպայում:
2017 թվականի սեպտեմբերից սպորտային տրավմայի և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ է նշանակվել օրթոպեդ-վնասվածքաբան ՝ Սահակ Սարիբեկյանը։
Բաժանմունքի հեռ.՝ +374 10 24 28 15