Պացիենտների համար / Վիրաբուժություն

Դարի հիվանդություն՝ ճարպակալում

Դարի հիվանդություն՝ ճարպակալում

Այսօր մենք շրջապատված ենք մի համաճարակով, որ ճարպակալում է կոչվում: Արդյո՞ք այն դարի հիվանդություն է: Իհարկե` այո, քանի, որ մորբիդ (հիվանդագին) ճարպակալմամբ տառապող մարդկանց քանակն աշխարհում շատ արագ աճում է և ներկայում այն հասնում է 500.000.000 , և, եթե հաշվի առնենք ճարպակալման  հետևանքով մարդկությանը պատճառված առողջական հոգեկան և նյութական վնասները, ապա այն, իհարկե,կարելի է համարել դարի հիվանդությունը և 21րդ դարի առողջ ապահական հիմնախնդիրներց մեկը:


Մորբիդ ճարպակալման հետևանքով խաթարվում է մարդու շնչառական, սիրտ-անոթային, էնդոկրին համակարգերը, նկատվում է աշխատունակության անկում, բարոյահոգեբանական ճնշվածության զգացում, բավականին շատ են սուիցիդի փորձերը:

 

Ժառանգական գործոնը նույնպես իր դերն ունի և առավել արտահայտված է մորբիդ ճարպակալման, քան չափավոր ճարպակալման դեպքում:


Բարիատրիկ վիրաբուժությունը ներկայում ամենաարդյունավետ միջոցն է ճարպակալման դեմ պայքարում: Այն զգալիորեն կրճատում է ինչպես ճարպակալմանն ուղեկցող հիվանդությունների առաջացման հաճախականությունն, այնպես էլ հիվանդների մահացությունը: Բացի այդ, այն թույլ է տալիս զգալիորեն փոքրացնել ճարպակալմանն ուղեկցող հիվանդությունների բուժման համար ծախսվող գումարները: Բարիատրիկ վիրահատությունները ցուցված են այն պացիենտներին, որոնց հաջողվել է կոնսերվատիվ միջոցներով նվազեցնել քաշը, սակայն հետագայում քաշը կրկին ավելացել է նույնիսկ այն պարագայում, երբ մարմնի զանգվածի ցուցանիշը (ՄԶՑ) չի հասել 35-40 կգ/մ2:

 

Վիրահատության հակացուցումներն են՝ կենսականորեն կարևոր օրգանների ծանր և անդառնալի փոփոխությունները:

 

Բարիատրիկ վիրահատությունների տարբերակներից են. ստամոքսի լապարոսկոպիկ բանդաժավորումը, լապարոսկոպիկ երկայնակի մասնահատումը, լապարոսկոպիկ շունտավորումը, լապարոսկոպիկ բիլիոպանկրեատիկ շունտավորումը, լապարոսկոպիկ բիլիոպանկրեատիկ շունտավորում՝ տասներկումատնյա աղու ընդգրկումով:


Ամենատարածված վիրահատությունը ստամոքսի օղակավորումն է (բանդաժավորումը): Վիրահատությունից հետո` հաջորդ օրը, հիվանդները դուրս են գրվում,իսկ 2 ամիս անց ներկայանում են բժշկին, որպեսզի կատարվի օղակի առաջին տրամաչափի նեղացումը:

 

Բարիատրիկ վիրաբուժության առավելություններից է այն, որ քաշի կորստից հետո հիվանդները չեն գիրանում, եթե հստակ կատարում են բժշկի ցուցումները: Ստամոքսի օղակավորումից հետո մոտավորապես 2 տարվա ընթացքում հիվանդները կորցնում են ավելորդ մարմնի զանգվածի 50 տոկոսը: Կոնսերվատիվ բուժման հաջող արդյունքներն արդեն նկատվում են 5-րդ տարվա ընթացքում հիվանդների 2-5% մոտ, իսկ 95%-ը վերադառնում է նախկին քաշին:


Առանձնահատուկ նշենք ՄԶՑ-ի մասին:


ՄԶՑ-ն ցույց է տալիս մարդու հասակի և քաշի հարաբերությունը, ինչն օգնում է իմանալ՝անհատը ավելորդ քա՞շ ունի, թե՞ արդեն ճարպակալած է։


Եթե ՄԶՑ-ն 25-29,9-ն է, ապա դուք ավել քաշ ունեք, իսկ եթե այն գերազանցում է 30-ը, դա վկայում է ճարպակալման մասին։
Ավելորդ քաշը ո՛չ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական խնդիր է:


Գործնականում նիհարելը բարդ խնդիր է: Ոչ պակաս խնդիր է, երբ նիհարելուց հետո նորից նույն կիլոգրամները վերադառնում են: Նման դեպքում գործ ունենք հոգեբանական խնդիրների հետ: Ավելորդ քաշից ազատվելու համար կարևոր է ո՛չ միայն շատացնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, այլև նվազեցնել սննդի կալորիականությունը: Պետք է հաշվի առնել այն հոգեբանական պատճառները, որոնք նպաստել են չափից շատ ուտելու սովորությանը:


Եվ վերջում նշեմ, որ բարիատրիկ վիրաբուժությունը դա անհատ վիրաբույժի միայնակ աշխատանք չէ, դա թիմային աշխատանք է և թիմում պետք է ներգրավված լինեն թերապևտ, հոգեբան, վիրաբույժ,անէսթեզիոլոգ,էնդոկրինոլոգ.այս դեպքում արդյունքը գերազանց կլինի:

Ճարպակալման խնդիրների, բարիատրիկ վիրաբուժության, առողջ ապրելակերպի, սննդակարգի մասին առավել մանրամասն շուտով արդեն www.niharel.com կայքում:

Դավիթ Յ. Հարությունյան
«Իզմիրլյան» ԲԿ լապարոսկոպիկ, էնդոսկոպիկ, բարիատրիկ վիրաբույժ, բ.գ.թ.

29.09.2015