Պացիենտների համար / Վիրաբուժություն

Թութք

Թութք

«Իզմիրլյան» ԲԿ-ն ստեղծվել է Պրոկտոլոգիայի ինստիտուտի հիման վրա, որտեղ 35 տարի շարունակ մշակվել և կատարելագործվել են թութքով հիվանդների բուժման մեթոդները, նախավիրահատական պատրաստման տակտիկան և հետվիրահատական վարման սկզբունքները:
Ժամանակակից մարդու կյանքը դարձել է ավելի պասիվ և նստակյաց, ինչը չի կարող չանդրադառնալ նրա առողջական վիճակին: Ներկայում մարդկության ամենատարածված հիվանդություններից է թութքը: Թութքով տառապում է երկրագնդի հասուն բնակչության 30-50%-ը:


Ի՞նչ է իրենից ներկայացնում թութքը: Յուրաքանչյուր մարդու հետանցքի լորձաթաղանթի տակ գտնվում են փապարային կամ կավերնոզ մարմնիկներ, որոնց դերը կղանքային զանգվածների բաց չթողնելն է հետանցքից: Ժամանակի ընթացքում սննդակարգի խախտման, փորկապությունների և լուծերի հաճախակի առաջացման, նստակյաց ապրելակերպի և ժառանգական տարբեր գործոնների ազդեցության հետևանքով առաջանում է փապարային մարմիններում զարկերակային ներհոսքի և երակային արտահոսքի դիսբալանս, ինչը բերում է նրանց մեծացմանը և էլաստիկության կորստի: Փապարային մարմինների մեծացմանը զուգընթաց առաջանում է նաև կապանային համակարգի թուլացում, ինչը բերում է նրանց արտանկմանը հետանցքից: Հենց այդ մեծացած փապարային մարմիններն անվանում ենք թութքի հանգույցներ:


Հիվանդությունն ընթանում է քրոնիկ: Հիվանդների հիմնական գանգատներն են՝  կղազատման ժամանակ արյան առկայությունը, թութքի հանգույցների արտանկումը, կղազատման դժվարացումը, քորը և անհարմարավետությունը հետանցքի շրջանում: Սակայն լինում են նաև հիվանդության սրացումներ, երբ առաջանում է թութքի հանգույցի սնուցող անոթի խցանում՝ թրոմբոզ: Այդ պարագայում հիվանդների մոտ առաջանում է հանգույցների այտուցվածություն և խիստ ցավեր:


Թութքի դասակարգումը


Տարբերում են թութքի 4 աստիճան.

 

  1. հիվանդությունը արտահայտվում է միայն դեֆեկացիայից հետո՝ արյան առկայությամբ,
  2. առկա է թութքի հանգույցների արտանկում, որն ինքնուրույն ներուղղվում է,
  3. առկա է արտանկում, որը ներուղղվում է միայն մատնային օգնությամբ,
  4. առկա է արտանկում, որը հնարավոր չէ ներուղղել:


1 աստիճանի թութքի ժամանակ հիվանդին ցուցված է կոնսերվատիվ դեղորայքային բուժում: Ինչ վերաբերում է 2-4 աստիճանին՝ ցուցված է վիրաբուժական բուժում:


Չնայած վերջին ժամանակներում հաճախակի գովազդվող քիչ ինվազիվ և «անցավ» միջամտությունների պոպուլյարիզացիային, մինչ այժմ թութքի արմատական բուժման ոսկե չափանիշ է մնում թութքահատումը՝ վիրահատական ճանապարհով: Վիրահատությունից հետո հիվանդության կրկնվելու հավանականությունը գրեթե բացառվում է:

 

Վիրահատությունը կարող է կատարվել էլեկտրակոագուլյացիայի, լազերային, ուլտրաձայնային դանակների միջոցով: «Իզմիրլյան» ԲԿ ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունքում ստեղծված են բոլոր պայմաններն այդ տհաճ հիվանդությունից մեկընդմիշտ ազատվելու համար՝ ժամանակակից սարքավորումներ, բարձրակարգ մասնագետներ, սպասարկման բարձր մշակույթ և հարմարավետ հիվանդասենյակներ:

 

Բաժանմունքում թութքով հիվանդների բուժման հսկայական փորձ է կուտակված, վերջին 30 տարիների ընթացքում կատարվել է 30000-ից ավելի վիրահատություն:

Հեղինակներ.
 Ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունքի վարիչ՝  բ.գ.թ. Էքսյուզյան Գ.Է.  
+374 91 40 46 14
Ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունքի ասիստենտ՝  Ավետիսյան Ա.Ա.


13.10.2015