Պացիենտների համար / Ախտորոշում

Կոլոնոսկոպիա

Կոլոնոսկոպիա

Հայաստանում 1977թ. առաջին կոլոնոսկոպիկ հետազոտությունները կատարվել են «Իզմիրլյան» ԲԿ (նախկին Պրոկտոլոգիայի ինստիտուտ ) էնդոսկոպիկ ծառայության բժիշկների կողմից:

Աղեստամոքսային տրակտի հիվանդությունների մեջ մեծ տեղ են զբաղեցնում հաստ աղու հիվանդությունները, որոնց վաղաժամ հայտնաբերումն ու բուժման կազմակերպումը էապես փոխում են մարդու կյանքի որակը և տևողությունը:

Ներկայում հաստ աղու հիվանդությունների վաղաժամ ախտորոշման հարցում գործիքային հետազոտությունների մեջ կոլոնոսկոպիան համարվում է լավագույն մեթոդը:


Կոլոնոսկոպիան հատուկ գործիքի` կոլոնոսկոպի միջոցով, հաստ աղու և ուղիղ աղու հետազոտման մեթոդ է: Այն համարվում է հաստ աղու բարորակ և չարորակ նորագոյացությունների, Կրոնի հիվանդության, խոցային կոլիտի և այլ հիվանդությունների ախտորոշման տեղեկատվական մեթոդ:

Կոլոնոսկոպը բարդ կառուցվածքով ճկուն օպտիկամեխանիկական սարք է, որը թույլ է տալիս խոշորացված վիճակում զննել աղու լորձաթաղանթը ներսից, գնահատել պատերի տոնուսը, կծկողական ֆունկցիան, տեսնել անոթային ցանցը, ծալքերի վիճակը, անհրաժեշտության դեպքում՝ ախտահարված կամ կասկածելի հատվածից վերցնել բիոպտատ (փորձանմուշ)՝ ախտորոշման վերջնական հաստատման համար, ինչը հնարավոր չէ իրականացնել որևէ այլ մեթոդի (համակարգչային տոմոգրաֆիա, ռենտգեն, վիրտուալ կոլոնոսկոպիա, կապսուլային էնդոսկոպիա) կիրառմամբ:

Կոլոնոսկոպիան իրականացվում է ո՛չ միայն ախտորոշիչ, այլև բուժական նպատակներով` արյունահոսությունների դադարեցում, բարորակ ուռուցքների, օտար մարմինների հեռացում և այլն:

Ինչպես ցույց է տալիս մեր բազմամյա փորձը, տասնյակ հազարավոր հետազոտությունների վերլուծության արդյունքները, կոլոնոսկոպիան ցուցված է.

  1. հաստ աղիքի հիվանդության կասկածի դեպքում, հատկապես 40 և ավելի տարիք ունեցող անձանց, ովքեր ունեն դեֆեկացիայի խանգարումներ (քրոնիկական փորկապություն, փորլուծություն, աղիների ոչ լրիվ դատարման զգացողություն, կեղծ նիքեր), որովայնի փքվածություն, ցավ, անբացատրելի քաշի կորուստ, թուլություն, ախորժակի բացակայություն, սակավարյունություն,
  2. այլ հետազոտությունների արդյունքում (սոնոգրաֆիա, ռենտգեն, համակարգչային տոմոգրաֆիա) հաստ աղու ախտահարմանը բնորոշ արդյունքներ ստանալու դեպքում,
  3. աղեստամոքսային տրակտի տարբեր հատվածների ախտորոշված պոլիպների դեպքում` ախտահարման ուռուցքային բնույթը ժխտելու նպատակով,
  4. որպես պլանային հետազոտություն ուռուցքի առաջացման ռիսկի խմբի մեջ մտնող անձանց (հաստ աղու ուռուցքի կապակցությամբ իրականացված վիրահատություն, պոլիպահատում, խոցային կոլիտ, Կրոնի հիվանդություն), ինչպես նաև նրանց հետ արյունակցական կապ ունեցող հարազատներին:


Ինչպես պատրաստվել կոլոնոսկոպիային

Առաջարկվում է կոլոնոսկոպիկ հետազոտությանը նախապատրաստման հետևյալ տարբերակները.

  1. հետազոտության նախորդ օրը ժամը 16-17-ին ընդունել 50 մլ գերչակի յուղ, 2-3 ժամ անց՝ 1,5 լիտր սենյակային ջերմաստիճանի ջրով 2-3 անգամ կատարել մաքրող հոգնա։ Հետազոտության օրը կատարել երկու մաքրող հոգնա:
  2. աղիները նախապատրաստում են հետազոտության օրը՝ տեղում, աղիների լվացման հատուկ սենյակում։


«Իզմիրլյան» ԲԿ-ում մեր մասնագետները ձեզ հուզող հարցերին կտան արագ և բարձրակարգ մոտեցում:

Էնդոսկոպիկ ծառայության ղեկավար՝
Ա.Գ. Դավթյան

02.11.2015