Պացիենտների համար / Քիթ-կոկորդ-ականջաբանություն

Խոսքային ֆունկցիայի կրիտիկական շրջանները: Կակազություն

Խոսքային ֆունկցիայի կրիտիկական շրջանները: Կակազություն

Առանձնացնում են խոսքի զարգացման 3 կրիտիկական շրջաններ.


1.1-2 տարեկան, երբ ձևավորվում են խոսքի նախադրյալները և սկսվում է խոսքի զարգացումը: Երեխայի համար առաջատար է դառնում հաղորդակցումը: Այս տարիքում ինտենսիվորեն զարգանում են խոսքի կեղևային գոտիները՝ հատկապես Բրոկի կենտրոնը:


Զարգացման կրիտիկական շրջանը համարվում է երեխայի 14-18 ամիսը: Ցանկացած, թեկուզ աննշան բացասական գործոն այդ շրջանում կարող է ազդել երեխայի խոսքի զարգացման վրա:


2. Կրիտիկական շրջան (3տարեկան), երբ ինտենսիվ զարգանում է կապակցված խոսքը: Տեղի է ունենում իրավիճակային խոսքից անցում համատեքստային խոսքի, որը պահանջում է կենտրոնական նյարդային համակարգի համաձայնեցում (խոսքաշարժողական, ուշադրության, հիշողության և այլն):


Կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքում առաջացած որոշակի փոփոխությունները կարող են բերել վարքի փոփոխության՝ նեգատիվիզմի: Կարող է առաջանալ կակազություն, մուտիզմ, խոսքի զարգացման հապաղում, երեխան հրաժարվում է հաղորդակցումից, առաջանում են մեծերի հանդեպ բողոքի ռեակցիաներ:


3. Կրիտիկական շրջանը (6-7 տարեկան) գրավոր խոսքի զարգացման սկիզբն է: Մեծանում է երեխայի կենտրոնական նյարդային համակարգի ծանրաբեռնվածությունը: Երեխայի ունեցած ցանկացած խոսքային ֆունկցիայի խանգարում առավել ուժգին է արտահայտվում այս փուլում: Նրանք կարող են լինել ինքնուրույն նշանակության կամ զուգակցվել այլ բացասական գործոնների հետ՝ երեխայի ընդհանուր թուլություն, նյարդային համակարգի դիսֆունկցիա:

 

Կակազությունը խոսքի տեմպի և ռիթմի խանգարում է, որն արտահայտվում է արտաբերական համակարգի տարբեր մկանային ջղաձգումներով: Այն ընդհանուր նևրոզի ախտանիշ է և միայն նևրոզի բուժումը կարող է լոգոպեդական աշխատանքը հասցնել դրական արդյունքի: Կակազությանը յուրահատուկ են այն բոլոր օրինաչափությունները,  որը իր վրա է կրում նևրոզը, որպես հոգեկան վիճակի խանգարում:


Կակազության ընթացքը ալիքաձև է` սրվում է կամ թուլանում:


Առանձնացնում են կակազության 3 ձև.

 

  • կլոնիկ, որը բնութագրվոմ է առանձին հնչյունների, վանկերի, բառերի կրկնությամբ,
  • տոնիկ, երբ առաջանում են դադարներ խոսքում կամ երկարացվում է հնչյունի արտաբերումը,
  • խառը, երբ առկա են և՛ կլոնիկ, և՛ տոնիկ ջղաձգումներ:


Կակազությունը հիմնականում առաջանում է 2-5 տարեկանում` երեխաների խոսքի զարգացման ինտենսիվ ժամանակաշրջանում: Տղաների մոտ հանդիպում է 2 անգամ ավելի շատ:


Առաջացման պատճառներն են.

 

  1. նյարդային համակարգի թուլությունը,
  2. ժառանգական նախադրյալները,
  3. խոսքային ծանրաբեռնվածությունը,
  4. նյարդային համակարգի ծանրաբեռնվածությունը (համակարգիչ, հեռուստացույց),
  5. նյարդաբանական նախադրյալները (վախ վաղ մանկական հասակում),
  6. խոսքի զարգացման նորմայից յուրաքանչյուր շեղում կարող է առաջացնել կակազություն:


Կակազության առաջացման գործոն կարելի է նշել`

 

  • արագախոսության փաստը,
  • խոսքի ընդհանուր թերզարգացումը` որպես շրջապատից եկող օրինակելի խոսք,
  • խոսքի վաղ զարգացումը, բառապաշարի ակտիվ կուտակումը,
  • խոսքի զարգացման հապաղումը, ալալիան, խըթ, դիսլալիան, ռինոլալիան, դիզարտրիայի ջնջված ձևը,
  • ինֆեկցիոն հիվանդությունների հետևանքը:


Առանձնացվում է կակազության 2 տեսակ` նևրոտիկ և նևրոզանման:


Նևրոտիկ կակազությունը բնութագրվում է.

 

  1. նորմալ կամ վաղ խոսքային և մոտորային զարգացումով,
  2. ջղաձգումները մեծ մասամբ կապված են կակազի հուզական վիճակից,
  3. կակազությանը նախորդում է սուր կամ քրոնիկ տրավմա, որոշակի պայմաններում սահուն խոսքի հնարավորություն` հուզական հանգիստ մթնոլորտում, խոսելու, շեղվելու, մենակության ժամանակ: ԷԷԳ-ն չի գրանցում գլխուղեղի ֆունկցիաների ախտաբանություն:


Նևրոզանման կակազությունը բնութագրվում է .

 

  1. խոսքի և զարգացման դանդաղ ընթացքով,
  2. ջղաձգային կծկումներն ի հայտ են գալիս սովորաբար 3-4 տարեկանում,
  3. ջղաձգային կծկումների առաջացումը  համընկնում է  ֆրազային խոսքի զարգացման փուլի հետ,
  4. ջղաձգումներն առաջանում են սթրեսների ֆոնի վրա: ԷԷԳ-ն գրանցում է գլխուղեղի ֆունկցիաների ախտաբանություն:

Խոսելու գործընթացի վրա կակազողի ուշադրության հրավիրումը թեթևացնում է խոսքը, իսկ ֆիզիկական կամ հոգեկան լարվածությունը վատացնում է խոսքի վիճակը:


Կակազության այս 2 ձևերի դեպքում էլ առաջանում են հետևյալ խոսքային և  ոչ խոսքային ախտանիշները.

 

  • էքսպրեսիվ խոսքն ունի առանձնահատկություններ,
  • վախ կամ հետապնդող մտքեր (լոգոֆոբիո),
  • շարժողական կամ խոսքային փոխօգնող շարժումների առկայություն (էմբոլոֆրազներ),
  • նկատվում է անձնային որակների փոփոխություն (ագրեսիվ, գրգռված կամ ինքնամփոփ):


Կակազության բուժման մեթոդները բազմազան են.

 

  • լոգոպեդական,
  • հոգեբանական,
  • հոգեթերապևտիկ,
  • լոգոհոգեթերապևտիկ,
  • սոցիալվերականգնողական,
  • դեղորաքային,
  • ֆիզիոթերապևտիկ,
  • համակարգային,
  • ոչ ավանդական:

 

23.11.2016