Պացիենտների համար / Օրթոպեդիա և վնասվածքաբանություն

Ոսկրերի կոտրվածքներ. ախտորոշման և բուժման ընդհանուր սկզբունքները

Ոսկրերի  կոտրվածքներ. ախտորոշման և բուժման ընդհանուր սկզբունքները

Ոսկրի՝ արտաքին ուժի ազդեցությամբ առաջացած ամբողջականության խախտումը կոչվում է կոտրվածք: Պայմանավորված տեղաշարժի բնույթով, մեծությամբ, բեկորների միջև գծի ձևով և այլ գործոններով՝ կոտրվածքները տարբեր են լինում: Ըստ վնասվածքի առաջացման մեխանիզմի՝ կոտրվածքները կարող են առաջանալ ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի ուժի ազդեցության հետևանքով:


Դասակարգումը


Պայմանավորված վնասված հատվածով՝ տարբերում են բազկոսկրի, ազդրոսկրի, մեծ ոլոքի և այլ ոսկրերի կոտրվածքներ:


Եթե մաշկի ամբողջականությունը խախտված է, և կոտրվածքը հաղորդակցվում է արտաքին միջավայրի հետ, ապա այն բաց է: Եթե մաշկը վնասված չէ, ապա կոտրվածքը փակ է:


Ախտորոշումը


Տարբեր կոտրվածքների դեպքում՝ պայմանավորված դրանց տեղակայմամբ և ոսկրի բնույթով, կլինիկական նշանների արտահայտվածությունը կարող է տարբեր լինել:


Սակայն կան ընդհանուր ախտանիշներ, որոնք բնորոշ են կոտրվածքների մեծ մասին: Դրանց իմացությունն օգնում է ճշգրիտ ախտորոշմանը:


Զննելու և շոշափելու ժամանակ հայտնաբերվում են.

 

  • ուռածություն. վնասվածքի շրջանում ուռածությունն արյունազեղման հետևանք է,

  • տձևություն և կարճացում. վերջույթը կարող է դեֆորմացվել բեկորների տեղաշարժի հետևանքով,

  • ֆունկցիայի խանգարում. հիվանդը չի կարող օգտագործել վերջույթը, ակտիվ շարժումներն անհնար են կամ` խիստ ցավոտ,

  • շոշափում. այն խիստ ցավոտ է կոտրվածքի շրջանում, մոտակա հոդերում պասիվ շարժումները նույնպես ցավոտ են և սահմանափակ: Հիվանդը խնայում է վերջույթը և այլն,

  • վերջնական ախտորոշումը ճշգրտվում է պարտադիր երկու պրոյեկցիաներով կատարված ռենտգենաբանական հետազոտմամբ:


Կոտրվածքների բուժումը


Պայմանավորված այն ժամանակով, որն անցել է կոտրվածքը ստանալու պահից՝ բուժումը բաժանվում է երկու հիմնական փուլերի՝ անատոմիական և ֆունկցիոնալ:


Անատոմիական փուլը սկսվում է վնասվածքը ստանալու պահից և շարունակվում է մինչև ոսկրային կոշտուկի ձևավորումը, այսինքն՝ վնասված հատվածի ամբողջականության վերականգնումը:


Ֆունկցիոնալ փուլը սկսվում է բեկորների սերտաճումից հետո: Այն համընկնում է գիպսային անշարժացումը վերացնելու ժամկետին և շարունակվում մինչև հիվանդի աշխատունակության ամբողջական վերականգնումը:


Չնայած վիրահատական միջամտությունների բուռն զարգացմանը՝ կոնսերվատիվ անշարժացման եղանակներն առանձնահատուկ տեղ ունեն օրթոպեդա-վնասվածքային հիվանդների բուժման գործում:


Բուժական նպատակով անշարժացումն իրականացնելու համար օգտագործվում են արագ կարծրացող գիպսային բազմազան կապեր, տարբեր օրթոպեդիկ հարմարանքներ և փափուկ անշարժացման միջոցներ:

 

 

30.03.2017