Պացիենտների համար / Ուրոլոգիա

Ցիստիտ (միզապարկի բորբոքում)

Ցիստիտ (միզապարկի բորբոքում)

Ցիստիտն առավել հաճախ հանդիպում է կանանց մոտ։ Ամեն տարի իգական սեռի մոտավորոպես 10%-ն ունենում է միզային համակարգի ինֆեկցիա։ Կանանց ավելի քան 50%-ի մոտ կյանքի ընթացքում դիտվում է միզային համակարգի ինֆեկցիայի առնվազն 1 դեպք։ Հանդիպման հաճախականությունը բարձրանում է կյանքի 2-րդ և 4-րդ տասնամյակներում։ Քսանից 40 տարեկան կանանց 25-30%-ի մոտ դիտվում են միզային համակարգի ինֆեկցիաների դեպքեր։ Չնայած այն հանգամանքին, որ տղամարդկանց մոտ ցիստիտը հազվադեպ է հանդիպում, երիտասարդները կարող են ունենալ սուր ցիստիտ՝ առանց միզային համակարգի ուղեկցող կառուցվածքային կամ անատոմիական խանգարումների։


Ռիսկի գործոններից են սեռական հարաբերությունը, սպերմացիդների օգտագործումը, միզարձակությանը խոչընդոտող գործոնները (միզուկի նեղացում, շագանակագեղձի մեծացում և այլն), միզային համակարգի օտար մարմինները (օրինակ քարեր), քիչ ծավալով հեղուկի ընդունումը, հորմոնալ խանգարումները, անմիզապահությունը, մնացորդային մեզի առկայությունը, հեշտոցի միկրոֆլորայի խանգարումները և մի շարք այլ գործոններ ևս։ Միզային համակարգն ախտահարող բակտերիաների սեռական ճանապարհով տարածման տեսակետը հիմնվում է մի շարք հետազոտությունների վրա, որոնցով զուգընկերների միզային և աղիքային համակարգերում հայտնաբերվել են նմանատիպ աղիքային բակտերիաներ (E. Coli` աղիքային ցուպիկ)։  

Ինչպե՞ս է դրսևորվում ցիստիտը


Կլինիկական դրսևորումները տարբեր են և սովորաբար ներառում են այնպիսի երևույթներ ինչպիսիք են ցավոտ միզարձակությունը, հաճախամիզությունը, միզարձակության անհետաձգելի կանչերը, վերցայլային շրջանի և այլ տեղակայման ցավերը, արյունամիզությունը, տհաճ հոտով մեզի առկայությունը և այլն։ Վերոնշյալ դրսևորումներից մեկի կամ մի քանիսի զուգակցման դեպքում կնոջ մոտ ցիստիտի առկայության հավանականությունը կազմում է համապատասխանաբար 50% և 90%։ Եթե նախկինում ցիստիտ ունեցած կնոջ մոտ կան կրկնման մասին վկայող վերոնշյալ ախտանիշներից մեկը կամ մի քանիսը, ապա ինֆեկցիայի առկայության հավանականությունը կազմում է 90%։

Ախտորոշում և բուժում


Ցիստիտի ախտորոշմամբ և բուժմամբ զբաղվում է ուրոլոգը։ Ախտորոշումը հիմնված է մանրակրկիտ անամնեզի, ֆիզիկալ հետազոտության, լաբորատոր (մասնավորապես մեզի քննություն) և գործիքային քննությունների վրա։ Կարևոր դեր ունի տարբերակիչ ախտորոշումը։ Ցիստիտը պետք է տարբերակել բորբոքային ծագման և դիզուրիկ գանգատներով դրսևորվող այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են հեշտոցի բորբոքումը, սեռական ճանապարհով փոխանցվող բակտերիաներից առաջացած միզուկի բորքումները, զանազան ոչ բորբոքային ծագման միզուկային ախտահարումները և այլն։ Հեշտոցի և միզուկի բորբոքման դեպքում զննման ժամանակ կարող են հայտնաբերվել ախտաբանական բնույթի արտադրություններ։ Այս դեպքերում հաճախ հայտնաբերվում են տարբեր տեսակի սեռական ճանապարհով փոխանցվող բակտերիաներ, մանրէներ, սնկեր և վիրուսներ (խլամիդի, ուրեոպլազա, միկոպլազմա, գոնորեա, տրիխոմոնիաս, կանդիդա, հերպես և այլն)։ Ցիստիտի բուժման համար նշանակվում են դեղեր՝ վերացնելու համար համապատասխան հարուցչին։
Մանրամասների համար կարող եք դիմել <<Իզմիրլյան>> ԲԿ ուրոլոգիական կլինիկա, կամ զանգահարել 091429337 (բաժանմունքի վարիչ, դոցենտ Արթուր Մկրտչի Գրաբսկի) կամ 094334199 (ուրոլոգ-ռեզիդենտ Գոռ Գրիգորիի Շադյան):

Հայաստան, Երևան 375014                                                                                     Tel. +374-94-334199
Ահարոնյան փող., 6 շենք                                                                                          Fax +374-10-242023
www.izmirlianmedicalcenter.com                                                     E-mail։ [email protected]

26.04.2017