Պացիենտների համար / Օրթոպեդիա և վնասվածքաբանություն

Ոտնաթաթերի օրթոպեդիկ հիվանդություններ

Ոտնաթաթերի օրթոպեդիկ հիվանդություններ

Հետազոտման եղանակները


Ոտնաթաթը մարդու օրգանիզմի այն մասն է, որն իր վրա է ընդունում ողջ մարմնի քաշը և այն լրացուցիչ ծանրությունները, որոնք մարդը բարձրացնում է  իր կենսագործենության ընթացքում:


Ոտնաթաթն իրականացնում է հենման և քայլքի հիմնական ֆունկցիաներ, այդ իսկ պատճառով, շնորհիվ իր ձևի և հզոր կապանային համակարգի, այն ունի հուսալի կայունություն:


Ոտնաթաթի վիճակի գնահատման օբյեկտիվ  եղանակներից են ռենտգենաբանականը, պոդոմետրիկ հետազոտությունները, պլանտոգրաֆիան, / ոտնաթաթի հետքերի սկանավորում/, պոդոգրաֆիան, էլեկտրամկանագրությունը և այլն:


Խորակամար ոտնաթաթ


Խորակամար ոտնաթաթը դրսևորվում է ավելորդ արտահայտված բարձր կամարով: Առողջ անձանց շրջանում ոտնաթաթի բարձր կամարը կարող է զարգացման բնածին տարբերակ լինել: Դեֆորմացիայի արտահայտված աստիճանների դեպքում բացի  բարձր կամարից, լրացուցիչ հայտնաբերվում են ոտնաթաթի էկվինովարուսային դիրք, առաջին նախագարշապարային ոսկրի իջեցում և մատների մրճանման դեֆորմացիա:
Ախտորոշումը դժվար չէ և այն սովորաբար դրվում է ոտնաթաթերի առաջնային զննման ժամանակ: Ռենտգենաբանական հետազոտումը հաստատում է ախտորոշումը:


Ուշադրություն


•    Մեծ մասամբ խորակամար ոտնաթաթը զարգացման տարբերակ է և հատուկ բուժման կարիք չունի
•    Արտահայտված խորակամար ոտնաթաթերի դեպքում բուժումը միայն վիրահատական է:

 

Հարթաթաթություն


Հարթաթաթությունը բնորոշվում է ոտնաթաթի երկայնակի կամարի հարթեցումով, հետին բաժնի վալգուսային և առաջային բաժնի զատող –վահակիչ դիրքերով:


Հարթաթաթությունը կմախքի  ամենատարածված դեֆորմացիաներից է: Այն լինում է բնածին և ձեռքբերովի:

Ախտորոշումը


Հարթաթաթությունն ախտորոշելը դժվար չէ. Այն հայտնաբերվում է ոտնաթաթի առաջնային զննման ժամանակ: Սկզբում ի հայտ են գալիս ստորին  վերջույթների արագ հոգնածություն, ոտնաթաթերում և ձկնամկանների շրջանում ցավային զգացողություն:


Վերջնական ախտորոշումը ճշտվում է ոտնաթաթերի՝ սրունքթաթային հոդում թիկնային ծալման դիրքում, կանգնած վիճակում կատարված կողմնային ռենտգենագրամների միջոցով:


Բացի ռենտգենաբանականից, կիրառվում են նաև պոդոմետրիկ եղանակը, պլանտոգրաֆիան, պոդոգրաֆիան և այլն:


Բուժումը


Կոնսերվատիվ բուժումն ուղղված է սրունքի և ոտնաթաթի մկանների ու կապանային համակարգի զարգացմանը: Այն ներառում է բուժական մարմնամարզություն, ոտնաթաթի մկանների մերսում, ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ, ներդիր ունեցող որակյալ կոշիկների, անհատական պատրաստված շտկող ներդիրների և սուպինատորների օգտագործում:


Վիրահատական բուժումը: Հարթաթաթության ժամանակ վիրահատական բուժումը  խիստ հազվադեպ է կիրառվում, հիմնականում ծանր դեպքերում, երբ զգալիորեն խաթարվում են հենման և քայլքի խունկցիաները, դժվարանում է ստանդարտ կոշիկների օգտագործումը: Հետվիրահատական շրջանում տեղադրվում է մինչև սրունքի վերին երրորդականը ձգվող գիպսակապ՝ երկարաճիտ կոշիկի նման: Գիպսկաը հեռացնելուց հետո հիվանդները երակարատը վերականգնողական բուժման կարիք ունեն:

06.05.2017