Պացիենտների համար / Վիրաբուժություն

Հաստ աղիքի պոլիպները և բարորակ ուռուցքները

Հաստ աղիքի պոլիպները և բարորակ ուռուցքները

Պոլիպը լորձաթաղանթի մակարդակից վեր գեղձային էպիթելի ծավալվելն է լայն սնկանման կամ ճյուղավորված նեղ ոտիկի, երբեմն էլ լայն հիմքի վրա։


Պատճառագիտություն և ախտածագում։ Բարորակ ուռուցքների տարածման վերաբերյալ ստույգ վիճակրագրական տվյալներ չկան, քանի որ դրանք ընթանում են առանց ախտանիշների։ Բարորակ ուռուցքները հիմնականում պատահականորեն հայտնաբերվում են այն հիվանդների մոտ, ովքեր գանգատվում են անհարմարավետության զգացումից, հետանցքային ուղու շրջանի ցավերից, հետանցքից ախտաբանական արտադրության առկայությունից, աղիքների դիսֆունկցիայից և այլն։ Այս ախտանիշները կարող են արտահայտվել այլ հիվանդությունների դեպքում` թութք, պարապրոկտիտ, հետանցքի ճաք , կոլիտ, ուղիղ աղիքի քաղցկեղ ։ Ելնելով սրանից` պոլիպների վիճակագրական տվյալների իսկությունը կարելի է հաստատել բնակչության կանխարգելիչ հետազոտությունների կամ դիահերձումների միջոցով։

 

Ուղիղ աղիքի մատնային քննությունը և ռեկտոռոմանոսկոպիան անցկացվել է բնակչության երկու խմբում։ Կանխարգելիչ հետազոտության տվյալներով հաստ աղիքի հիվանդությունների կառուցվածքում հետանցքաուղիղաղիքային շրջանի անհարմարավետության զգացում ունեցողների մոտ պոլիպները 2,5 ան•ամ ավելի պակաս են, քան գործնականում առողջ մարդկանց խմբում։ Այդպիսի տարբերությունը պայմանավորված է նրանով, որ հիվանդների մի մասի մոտ պոլիպներն ընթանում են առանց ախտանիշների և դուրս են մնում բժիշկների տեսադաշտից։ Ուղիղ աղիքի և խթաղու լորձաթաղանթի վիճակի գնահատման ամենաստույգ եղանակը հերձումների ժամանակ դրա ախտաբանաանատոմիական ուսումնասիրությունն է։

 

Որոշ հետազոտողներ հայտնաբերել են որոշակի կախվածություն ադենոմաների հաճախականության և աթերոսկլերոզի, չարորակ ուռուցքների, դիվերտիկուլյոզի, աղեստամոքսային ուղու հիվանդությունների, թոքերի քրոնիկական ոչ սպեցիֆիկ հիվանդությունների միջև ։
Ուղիղ աղիքի և խթաղու պոլիպների ախտապատճառը պարզված չէ։ Աշխատանքները, որոնցում ուսումնասիրված է այս հիվանդույթյունների վիրուսային ծագումը, ինչպես նաև կենդանիների հաստ աղիքի պոլիպոզի նմուշ օրինակի ստեղծումը,տեսական բնույթ ունեն։   

 

Հաստ աղիքի բարորակ ուռուցքների հաճախականության ցուցանիշների բարձրացումը պայմանավորված է շրջապատող միջավայրի ազդեցությամբ` խոշոր արդյունաբերության առկայություն, բնակչության գերխտացում։ Ըստ շատ հետազոտողների՝ հաստ աղիքի հիվանդությունների հաճախականության բարձրացման կարևոր գործոն է ազգաբնակչության սննդի բնույթի փոփոխությունը, որն իր մեջ ներառում է մեծ քանակությամբ բարձր կալորիականություն ունեցող կենդանական ճարպեր և քիչ քանակությամբ՝ բջջանյութ։ Սրա հետևանքով հաստ աղիք է ընկնում քիչ քանակությամբ բջջանյութ պարունակող կերակրախյուս, որը նվազեցնում է աղիքի շարժիչ ակտիվությունը, իսկ մեծ քանակությամբ լեղաթթուները մարսողության ընթացքում վեր են ածվում լորձաթաղանթի վրա ուռուցքածին ազդեցություն ունեցող նյութերի։

 

Ախտաբանական անատոմիա։ Հիպերպլաստիկ պոլիպներն ունեն 0,5 սմ-ից փոքր տրամագիծ։ Դրանք փոքր-ինչ բարձրանում են լորձաթաղանթի մակերևույթից, ունեն փափուկ կառուցվածք և սովորական գույն։ Այս պոլիպները բնութագրվում են կատարների երկարացմամբ և բշտային լայնացմամբ։ Այս պոլիպների էպիթելը ատամնավոր ծալքավոր է, որոնցում պակասում է գավաթաձև բջիջների քանակը։ Շատ հաճախ հիպերտրոֆիկ ավշային ֆոլիկուլները նմանվում են հիպերպլաստիկ պոլիպների։ Սրանք միմյանցից տարբերակվում են միայն ձևաբանական հետազոտությամբ։

 

Ադենոմատոզ պոլիպներն ունեն 0,5սմ - 3սմ-ի հասնող տրամագիծ, ունեն ոտիկ կամ գտնվում են լայն հիմքի վրա։ Գույնով չեն տարբերվում շրջապատի լորձաթաղանթից, բայց ունեն պինդ կազմություն, տեղաշարժվում են լորձաթաղանթի հետ, խոցոտվում են, երբեմն արյունահոսում։

 

Ադենոպապիլոմատոզ պոլիպներ։ Սրանց տրամագիծը սովորաբար 1սմ-ից ավելին է, ունեն թավշյա մակերես, որն ստեղծում է անփայլ տպավորություն։ Անհարթ մակերեսի շնորհիվ երբեմն մանր բլթիկավոր տեսք ունեն։ Կարող են խոցոտվել, ընդ որում հիմքը պատվում է ֆիբրինով, որի տակից հնարավոր է աննշան արյունահոսություն։

 

Թավիկավոր պոլիպներ (ուռուցքներ)։ Սրանք ունեն մեծ չափսեր, տրամագիծը 2 սմ և ավելին է, կարող են ունենալ հաստ ոտիկ կամ տարածվել լորձաթաղանթի վրա։ Դրանք գրավում են մեծ տարածություն, թեթևակի բարձրանում շրջակա լորձաթաղանթից, չունեն հստակ սահմաններ։ Գույնը քիչ է տարբերվում լորձաթաղանթից, բնորոշ է անփայլ և թավշյա մակերեսը, խոցերի առկայությունը չի բացառում չարորակացման սկիզբը։ Չարորակացման վերջնական եզրակացությունը տրվում է թավիկավոր ուռուցքի ամբողջական հեռացումից հետո կատարված ձևաբանական հետազոտության տվյալների հիման վրա։

 

Պատանեկան պոլիպները չի կարելի դասել ադենոմաների շարքը, քանի որ դրանցում գեղձերի հիպերպլազիա և գեղձային էպիթելի ատիպիկ փոփոխություններ չկան։ Նման գոյացությունը բավականին մեծ է, կախվում է աղիքի լուսանցքում երկար ոտիկի վրա, հարթ է ու ցայտուն , ալ կարմիր բալի գույնի ունի։

 

Բազմաքանակության գործոնը մեծ նշանակություն ունի հիվանդության կանխատեսման մեջ։

 

Միայնակ պոլիպները հազվադեպ են չարորականանում (1-4% դեպքերում) և ունեն ավելի բարենպաստ կանխատեսում։

 

Բազմաքանակ պոլիպները կարող են տեղակայվել հաստ աղիքի հատվածներից մեկում, մեկ-երկուսում կամ տարբեր հատվածներում(ցրված), չարորակ են մոտ 20% դեպքերում։ Ցրված բազմաքանակ պոլիպները դժվար է տարբերակել հաստ աղիքի անպարզորոշ պոլիպոզից։ Վերջինս սովորաբար բնորոշվում է ախտահարման տարածվածությամբ։ Հանդիպում են հարյուր հազարավոր պոլիպներ. երբեմն չախտահարված լորձաթաղանթի հատվածներ չեն հայտնաբերվում։ Հիվանդությունը փոխանցվում է ժառանգաբար, այսինքն ընտանեկան, գենետիկական բնույթ ունի։ Այն մեծ հակում ունի չարորակացման` 80-100% դեպքերում։


«Իզմիրլյան» ԲԿ ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունքի վարիչ՝ Արամ Հակոբյանի «Կոլոպրոկտոլոգիա» գրքից։
/Շարունակելի/

 

 

09.11.2017