Պացիենտների համար / Ուրոլոգիա

Ի՞նչ է տղամարդու անպտղությունը

Ի՞նչ է տղամարդու անպտղությունը

Տարածված այն կարծիքը, որ կնոջ չհղիանալու միակ մեղավորը հենց կինն է, այսօր անմիտ է հնչում: Վաղուց արդեն հաստատված է, որ տղամարդկանց անպտղությունը հանդիպում է ոչ հազվադեպ, քան կանանց մոտ:

Եթե մեկ տարվա լիարժեք և առանց պահպանման միջոցներ օգտագործելու սեռական ակտիվության պայմաններում բեղմնավորում չի եղել, ապա հավանականությունը, որ խնդիրը հենց տղամարդու վերարտադրողական համակարգում է, կազմում է մոտավորապես 45%: Մինչև բուժում սկսելն անհրաժեշտ է հետազոտել և՛ կնոջը, և՛ տղամարդուն՝ հայտնաբերելու պատճառը: «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում կգտնեք այս բոլոր հարցերի պատասխանները:

Տղամարդու վերարտադրողական ունակությունն ամբողջությամբ կախված է սերմի որակից և քանակից: Յուրաքանչյուր վարկյանում տղամարդու օրգանզմում արտադրվում են 1000-ից ավելի սպերմատոզոիդներ, ինչը սեռական հասունացումից մինչև մահ անընդհատ գործընթաց է: Եվ այս բնական գործընթացի ամբողջ իմաստն է, որ ինչ-որ մի պահ ամենաարագ ու ամենակենսունակ սպերմատոզոիդը հասնի կնոջ ձվաբջջին ու բեղմնավորի այն: Ցավոք, կան բազմաթիվ հիվանդություններ և անբարենպաստ գործոններ, որոնք ընդունակ են խանգարելու այդ գործընթացին:

Տղամարդու անպտղության հիմքում ընկած է 3 հիմնական խնդիր.

  • սպերմատոզոիդների ոչ լիարժեքությունը,
  • սպերմատոզոիդների քանակի կտրուկ իջեցումը,
  • սպերմատոզոիդների սերմնատար ծորաններով շարժման և սերմնաժայթքման խանգարումը:


Ամենահամեստ հաշվարկներով նման խնդիրներ կարող են առաջացնել տասնյակից ավելի պատճառներ, որոնցից ամենահաճախ հանդիպողներն են.

  1.     Վարիկոցելե (15%).  ամորձու և սերմնածորանի երակների լայնացում: Վարիկոցելեի հետևանքով բարձրանում է ամորձիների ջերմաստիճանը, տեղի է ունենում նրանց գործունեության խանգարում և սպերմատոզոիդների վնասում:

  2.     Տղամարդու սեռական օրգանների վնասվածքներ (սերմնալարի կամ ամորձու ոլորում՝ 10-12% դեպքերում) և արատներ (կրիպտորխիզմ, երբ ամորձին չի իջնում ամորձապարկ՝ 7.8% դեպքերում):

  3.     Ինֆեկցիոն հիվանդություններ. հատկապես սեռական ճանապարհով փոխանցվող իֆեկցիաները՝ գոնորեա, սիֆիլիս, խլամիդիոզ, տրիխոմոնիազ և այլն: Տղամարդկանց սեռական օրգանների վրա առավել վտանգավոր հետևանքներ է թողնում մանկական ինֆեկցիաներից էպիդեմիկ պարոտիդը (խոզուկ):

  4.     Տղամարդու միզասեռական օրգանների բորբոքումներ. օրինակ՝ պրոստատիտ (շագանակագեղձի բորբոքում) կամ ուրետրիտ (միզուկի բորբոքում):

  5.     Սեքսուալ խանգարումներ (5.9%). էրեկցիայի խանգարում, վաղաժամ սերմնաժայթքում և այլն:

  6.     Իմունոլոգիական խանգարումներ (4.5%). իմունիտետի խանգարման դեպքում օրգանիզմում արտադրվում են նյութեր, որոնք ընդունակ են վնասելու սեփական սպերմատոզոիդները:

  7.     Հորմոնալ խանգարումներ (8.8%). Օրինակ՝ տեստոստերոնի պակասը:

  8.     Սերմնատար ուղիների օբստրուկցիա (1.7%):

  9.     Եվ, վերջապես, տղամարդու անպտղությունը կարող է պայմանավորված լինել բազմաթիվ արտաքին գործոններով՝ վնասակար նյութեր (ալկոհոլ, ծխախոտ, նարկոտիկներ, որոշ դեղեր), վատ էկոլոգիա (ռադիացիա, պեստիցիդներ, վիտամին C-ի և ցինկի պակաս), սեփական օրգանիզմի հանդեպ ոչ հիգիենիկ և ճիշտ վերաբերմունք (շատ նեղ հագուստ, հաճախակի այցելություն շոգեբաղնիք, չափից ավելի սպորտային պարապմունքներով ծանրաբեռնում) և այլն (5.5%):


Եթե անգամ անպտղության պատճառը հնարավոր չէ վերացնել, միևնույն է, ի շնորհիվ ժամանակակից բժշկության մեթոդների, կա հնարավորություն կատարել բեղմնավորում:

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում մեր մասնագետները կօգնեն արագ ստանալ սպառիչ պատասխաններ ձեզ հուզող խնդիրների վերաբերյալ.

  •  սերմնահեղուկի ներարգանդային ներարկում,
  •  ԱՄԲ (ձվաբջջի բեղմնավորումը փորձանոթում և տեղափոխումն անմիջապես արգանդի խոռոչ),
  •  ICSI (սպերմատոզոիդի անմիջական ներարկում ձվաբջջի մեջ),
  •  սպերմայի դոնորություն:


Հնարավորությունները շատ են: Չնայած հաջողությունը 100%-ով երաշխավորված չէ, սակայն ժամանակակից բժշկության ձեռքբերումները հնարավորություն են տվել բազմաթիվ մարդկանց վայելել ծնող լինելու բերկրանքը:
Եթե ունեք վերոնշյալ ախտաբանությունից որևիցե մեկը, ապա դիմեք «Իզմիրլյան» ԲԿ, որտեղ կստանաք բարձրակարգ մասնագետի խորհրդատվություն և անհրաժեշտ բուժում:

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի

ուրոլոգիայի կլինիկա, դիստանցիոն լիտոտրիպսիայի բաժնի

բժիշկ-ուրոլոգ Գ. Վ. Ավանեսյան

Հեռախոս. +374 091 11 14 11

23.07.2015