Պացիենտների համար / Ուրոլոգիա

«Քարի դարաշրջան»

«Քարի դարաշրջան»

Մարդու օրգանիզմում առաջացող քարերը (լատիներեն concrementum - կիտվել) նյութերի հոծ կուտակումներով պինդ զանգվածներ են, որոնք ձևավորվում են տարբեր օրգանների խոռոչներում, գեղձերի մեջ կամ ծորաններում` արտազատվող հեղուկներից աղերի արտանկման հետևանքով և տեղակայվում են այդ օրգանների խոռոչներում, գեղձերում կամ դրանց արտազատիչ ծորաններում:

 

Քարերի տարբեր տեսակներն առաջանում են տարբեր պատճառներից և բուժվում են տարբեր մեթոդներով: Միզային քարերը առաջանում և մնում են կամ երիկամներում, կամ տեղաշարժվում են դեպի միզածորան:


Երիկամային քարերը արդյունք են մեզի մեջ եղած հանքային աղերի կամ թթուների բյուրեղացման: Քարերի մեծ մասն աննկատ արտազատվում է միզելիս, սակայն, որոշ դեպքերում, դրանց հեռացնելու համար կարող են պահանջվել բուժական միջամտություններ:

 Միզային քարերի մասին վիճակագրական փաստեր

  • Միզային քարեր կարող է ունենալ յուրաքանչյուրը: Կյանքի որոշակի ժամանակահատվածում քարեր կարող են ձևավորվել 10-ից մեկի մոտ:
  • Մարդու կյանքի ընթացքում քարերի ձեւավորման վտանգը կազմում է 5-10%:
  • Տղամարդկանց մոտ քարեր 3 անգամ ավելի հաճախ են առաջանում, քան կանանց մոտ: Արդի պայմաններում այս տարբերությունը գնալով փոքրանում է պայմանավորված ապրելակերպի և սննդակարգի փոփոխությունների հետ:
  • Ավելի հաճախ քարեր ձևավորվում են 30-50 տարեկանում:
  • «Քար արտազատող» հիվանդների մոտ քարեր առաջանում են ամբողջ կյանքի ընթացքում:


Միզային քարերի առաջացման պատճառները

Ցանկացած ոք իր կյանքի ընթացքում հնարավոր է ունենա միզային քարեր: Այդ քարերը կարող են առաջանալ, եթե մեզի ձևավորման ընթացքում կա անհավասարակշռություն` պայմանավորված մեզի մեջ առկա ջրի և քար առաջացնող նյութերի քանակով:

Ախտանիշները

Մարդիկ հաճախ մեջքի շրջանի ցավը կապում են երիկամների եւ միզածորանի քարերի հետ: ԱխտանÇßները կարող են տարբեր լինել. սկսած ծանր նոպայաձև ցավից մինչեւ ցավի բացակայությունը և կախված են քարի չափի, ձևի ու միզուղիներում գտնվելու տեղի հետ:

Երիկամային խիթին ուղեկցող այլ ախտանիշեր.

 

  • սրտխառնոց,
  • փսխում,
  • արյուն մեզի մեջ,
  • ցավոտ միզարձակում,
  • ջերմության բարձրացում:


Երիկամային խիթն արտակարգ իրավիճակ է, որի դեպքում անհրաժեշտ է դիմել ընտանեկան բժշկին կամ մոտակա հիվանդանոց: Հատկապես բարձր ջերմություն ունենալու դեպքում պետք է անհապաղ դիմել՝ բժշկական օգնություն ստանալու:


Ախտորոշումը


Անհրաժեշտ է կատարել բժշկական զննում և մի շարք լաբորատոր հետազոտություններ պարզելու հիվանդի մոտ առկա ախտանիշների պատճառները, որից հետո, վերջնական ախտորոշման համար, պետք է կատարվեն նաև գործիքային հետազոտություններ.

 

  • ուլտրաձայնային,
  • ռենտգեն,
  • համակարգչային շերտագրում:


Բուժումը

Ոչ բոլոր տեսակի քարերի առկայության դեպքում է բուժում պահանջվում: Բուժական օգնություն ցուցաբերվում է, եթե քարը հիվանդի մոտ առաջացնում է անհանգստություն և մեզի հետ ինքնաբերաբար չի արտազատվում, կամ կան այլ ուղեկցող հիվանդություններ և բարդությունների առաջացման վտանգ:


Եթե  մեզի հետ քարի ինքնաբերաբար արտազատումը հնարավոր է, բժիշկը կարող է նշանակել այդ ընթացքին նպաստող դեղորայք, այսինքն, նշանակել պահպանողական դեղորայքային բուժում: 


Ըստ ցուցումների, քարերը հեռացնելու կամ ցավը թեթեւացնելու համար մասնագետը կարող է նշանակել դեղորայք (այսպես կոչված՝ ալֆա-պաշարիչներ կամ հակակծկումային դեղեր): Սա կոչվում է դեղորայքային արտամղող բուժում, ինչն առավել արդյունավետ է միզածորանի քարերի դեպքում:


Դեղորայքային արտամղող բուժման ընթացքում հիվանդը պետք է գտնվի մշտական հսկողության տակ, այցելի իր բժշկին պարբերաբար ստուգելու և պարզելու. քարը շարժվու՞մ է, փշրվե՞լ է, չկա՞ արդյոք երիկամների արտազատիչ գործունեության խանգարում.
Այն դեպքում, երբ ուժեղանում կամ ի հայտ են գալիս նոր ախտանիշեր, պետք է սկսել քարի ակտիվ հեռացման գործընթացը:


Միզային քարերի հեռացման ժամանակակից 3 ամենատարածված մեթոդներն են.

 

  1. հեռահար հարվածալիքային քարափշրում (ESWL),
  2. ուրեթերոռենոսկոպիա (URS),
  3. միջմաշկային երիկամաքարահատում (pnl):


Բուժման օպտիմալ տարբերակը կախված է բազմաթիվ գործոններից: Ամենակար¨որ գործոնը բուն քարի առաջացրած ախտանիշներն են: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ քարը գտնվում է երիկամում կամ միզածորանում, բժիշկը կարող է խորհուրդ տալ բուժման տարբեր մեթոդներ:

Հեռահար հարվածալիքային քարափշրում (ESWL)


Հեռահար հարվածալիքային քարափշրումն իրականացվում է հատուկ սարքի միջոցով,ինչը հնարավոր է դարձրել միզային քարերը փշրել՝ առանց ներխուժելու հիվանդի մարմնի մեջ. դրսից քարը փշրվում է մաշկի միջով փոխանցվող կիզակետված հարվածային ալիքներով (բարձր էներգիայի ձայնային ալիքների կարճ իմպուլսներ): Քարի վրա ներգործող հարվածային ալիքի էներգիան խախտում է քարի ամբողջականությունըª այն վերածելով փոքր բեկորների: Քարի բեկորներն առաջիկա մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում արտազատվում են մեզի հետ:

Ուրեթերոռենոսկոպիա (URS)


Ուրեթերոռենոսկոպիա. բուժման այս մեթոդի կիրառման ժամանակ օգտագործվում է փոքր տրամաչափի ներզննման սարքը: Ուրեթերոռենոսկոպիայի մեթոդով բուժումն առանձնանում է բարձր արդյունավետությամբ և հազվադեպ բարդություններով: Այն իրականացվում է հիվանդի անզգայացմամբ, քարերը փշրվում են և հեռացվում առանց կտրվածքների, բնական ճանապարհներով` միզուղիներով:

Միջմաշկային երիկամաքարահատում (pnl).


Միջմաշկային երիկամաքարահատումը երիկամների մեծ քարերը հեռացնելու ներզննական վիրահատական մեթոդ է: Դրա առավելությունն այն է, որ նույնիսկ շատ մեծ երիկամային քարերը կարող են հեռացվել վիրահատական մեկ գործողության ընթացքում:
Միջմաշկային երիկամաքարահատումը կատարվում է ընդհանուր կամ էպիդուրալ անզգայացման տակª գոտկային շրջանում երիկամի պունկցիայից (ներծակելուց) հետո:
 
Բաց վիրաբուժություն.


Ներկայումս քարերի հեռացման բաց վիրահատություն հազվադեպ է կատարվում: ²յն օգտագործվում է բարդ կամ հատուկ ցուցումների դեպքերում: Շարունակելի

Հայաստան, Երեւան,
Ահարոնյան փողոց 6
«ԻԶՄԻՐԼՅԱՆ» բժշկական կենտրոն
Ուրոլոգիայի կլինիկա
Հեռ: +37410 24 24 83
E-mail: [email protected]

09.09.2015