Մասնագետների համար / Քիթ-կոկորդ-ականջաբանություն

Կլինիկական դեպք` կոկորդի պապիլոմատոզ

Կլինիկական դեպք` կոկորդի պապիլոմատոզ

 Պապիլոմաները բնորոշվում են բուռն աճով, հաճախակի ռեցիդիվներով, չարորակացմամբ (малигнизация): Ապացուցված է պապիլոմատոզի վարակիչ բնույթը: Ըստ վիճակագրության՝ բնակչության մոտավորապես 10-60%-ը կրում է պապիլոմայի վիրուս, որի զարգացումը տեղի է ունենում միայն որոշակի պայմաններում, նույնպես նաև` չարորակացումը: Տարբերակում են կոկորդի պապիլոմատոզ մինչև 16-18 տարեկան երեխաների մոտ և 18 տարեկանից բարձր տարիքի մարդկանց մոտ: Տարբերակում են նաև ագրեսիվ և ոչ ագրեսիվ պապիլոմատոզ. առաջին դեպքին են հանգում հիվանդներն, ովքեր ենթարկվել են 10 կամ ավելի վիրահատական միջամտությունների:

 

Ներկայում հայտնի է բուժման մոտավորապես 50 մեթոդներ, սակայն միանշանակ մեթոդ դեռ հայտնաբերված չէ: Առաջին մեթոդներից է շնչափողի հատումը, որը փրկում է հիվանդներին` խեղդվելուց, ինչը, սակայն, նպաստում է հետագայում պապիլոմաների աճին և տարածմանը շնչուղիների ոչ ցանկալի հատվածերի շրջանում: Կիրառվում է նաև լարինգոֆիսուրա, կրիովիրաբուժություն, ուլտրաձայնային դեզինտեգրացիա, լազերային վիրաբուժություն, ճառագայթային թերապիա, դեղորայքային թերապիա, պատվաստում:

Ստորև ներկայացնում ենք մեր դիտարկումը:

‹‹Իզմիրլյան››  ԲԿ  ընդունվել  է  հիվանդ`  Զ.Ե., 52 տարեկան, պապիլոմատոզի հետևանքով 11 տարեկանից ի վեր ենթարկվել է ավելի քան 30 վիրահատություների` կոկորդի շրջանում: Վիրահատվել է նախկին ԽՍՀՄ անդամ հանդիսացող տարբեր երկրների բժշկական կենտրոններում, երբեմն` տարեկան երկու անգամ: Վերջին անգամ վիրահատվել է մեր բժշկական կենտրոնում 2006 թվականին:

 

Մոտավորապես երկու տարի առաջ Երևանի հիվանդանոցներից մեկում կատարվել է շնչափողահատում` ստենոզի պատճառով, որից հետո ուռուցքը բուռն զարգացում է ապրել: Կատարվել է հյուսվածաբանական հետազոտություն. արդյունքում ախտորոշվել է պապիլոմա:

 

Մեր բժշկական կենտրոն ընդունվելիս իրականացվել է ՄՌՏ-հետազոտություն, որից հետո հիվանդը վիրահատվել է: Իրականացվել է լայնածավալ վիրահատություն. ամբողջական լարինգէկտոմիա (կոկորդի հեռացում): Հյուսվածաբանական հետազոտության արդյունքում ախտորոշվել է հարթաբջջային բարձրադիֆերենցված կոկորդի քաղցկեղ: Տվյալ դեպքում, ցավոք, պապիլոման վերաճել է քաղցկեղի` տեղի է ունեցել չարորակացում:

 

Այժմ բուժման ընթացքը շարունակվում է, հիվանդը պատրաստվում է ձայնի վերականգնմանը` պրոթեզավորման միջոցով:

 

Կոկորդի պապիլոմատոզ   Կոկորդի պապիլոմատոզ 




22.02.2016