Նորություններ

Ախալազիայի ախտորոշում և բուժում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում

Ախալազիայի ախտորոշում և բուժում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում

Ախալազիան կերակրափողի հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որն արտահայտվում է կլման ակտի դժվարացմամբ, չմարսված սննդի փսխումներով, ռեսպիրատոր խանգարումներով /գիշերային հազ, կրկնվող ասպիրացիոն թոքաբորբ/։

Ախալազիայի ժամանակ վնասվում է կերակրափողի ներպատային նյարդային ապարատը, ինչն էլ խոչընդոտում է կերակրափողից սննդի անցումը ստամոքս։Ախալազիայի ժամանակ սնունդը երկար մնում է կերակրափողում: Կերակրափողը լայնանում է, սեղմում հարևան օրգանները՝ սիրտը, թոքերը, առաջացնելով սրտի շրջանի ցավեր, ռիթմի խանգարումներ, թոքերի ու բրոնխների խրոնիկական հիվանդություններ։

Հետագայում հիվանդը աստիճանաբար հրաժարվում է սննդից, խուսափում է մարդկանց հետ շփումներից, ինչն էլ առաջացնում է նյարդային խանգարումներ:Հիվանդությունն ախտորոշվում է ստամոքսի կոնտրաստ ռադիոլոգիական մեթոդներով։

Ախալազիան որպես հիվանդություն անցնում է զարգացման փուլեր, որի վերջին փուլերում առաջարկվում է վիրահատական բուժում։ 

Ներկայացնում ենք ախալազիայի բուժման դեպք։Հիվանդ ԹԿ-ն, 58տ, ընդունվել է «Իզմիրլյան» ԲԿ-ի Վիրաբուժական բաժանմունք 2022թ նոյեմբերին «Կերակրափողի ախալազիա 4-րդ փուլ» ախտորոշմամբ՝ ամբուլատոր հետազոտված, ախտորոշված, բուժավորման կուրսեր անցած։ Համակարգչային շերտագրությամբ ախտորոշվել է կերակրափողի արտահայտված լայնացում՝ շնչափողի սեղմմամբ ու նեղացումով, կարդիայի ախալազիա։ Ռենտգեն քննությամբ՝ կերակրափողի արտահայտված լայնացում, կերակրափողում առկա են բարիումի կախույթի մնացորդներ դեռևս նախորդ օրվանից։

 Կատարվել է վիրահատություն՝ էզոֆագոկարդիոմիոտոմիա ըստ Հելլերի /մոտ 11սմ երկարությամբ/, ֆունդօպլիկացիա ըստ Տուպեի և պիլորոպլաստիկա ըստ Հեյնեկե-Միկուլիչի:Վիրահատությունը կատարել է ընդհանուր վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ Արսեն Ասատրյանը:Վիրահատությունից 10 օր անց հիվանդը բավարար վիճակում դուրս է գրվել հիվանդանոցից։ Երկու ամիս անց ամբուլատոր զննությամբ հիվանդի վիճակը գնահատվել է հարաբերական բավարար, գանգատներ չեն եղել, նկատվել է կերակրափողի թեթևակի լայնացում՝ առանց կոնտրաստի էվակուացիայի խանգարման։

 

 

 

            ԱՌԱՋ                                  ՀԵՏՈ


Արսեն Ասատրյան

Ընդհանուր վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ

02.02.2023